Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք «Ֆիա» անվանումով: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Անինան (Անի Հովհաննիսյան) նշել է, որ ֆենտեզի ժանրը առավելապես հոգեհարազատ է իրեն: «Կարող եմ ասել, որ ինձ հենց այս ժանրում եմ տեսնում»:
Դեռևս գիրքը միայն հայերեն է հրտարակվել, սակայն, ըստ հեղինակի, այն անպայման կթարգմանվի նաև ռուսերեն ու անգլերեն:
Անինան ձեռնպահ է մնացել բովանդակությունը համառոտ ներկայացնելուց, սակայն, նշել է, որ «Ֆիան» Երկիր մոլորակում և մեկ այլ մոլորակում, որը պետք է դրախտ դառնար, կյանքի մասին է:
Գրքին հավելվում է նաև խտասկավառակ, որը ձայնագրել է DJ Սերժոն՝ դա «տրանս» ոճի երաժշտություն է:
«Քանի որ երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ, ես ինքնս երգերի բառեր եմ գրում հայ երգիչ-երգչուհիներից շատերի համար, ես մտածեցի, որ իմ գիրքն անպայման երաժշտական ուղեկցություն պետք է ունենա: Իսկ էլեկտրոնային երաժշտությունը առավել ճշգրտությամբ կարողացավ արտահայտել գրքի տրամադրությունը»,-ասել է Անինան:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել «Բյուրոկրատ» գրախանութում: