30 նոյեմբերի 2010 - 18:48 AMT
ԵԱՀԿ Աստանայի հռչակագիրը սպառազինության հանդեպ հսկողության ամրապնդում է նախատեսում

ԵԱՀԿ Աստանայի հռչակագրով, որը կընդունվի գագաթնաժողովի արդյունքներով, առաջարկվում է ամրապնդել սպառազինության հանդեպ հսկողությունը, ինչպես նաև ուժեղացնել ԵԱՀԿ գործունեությունն անդրազգային մարտահրավերների դեմ պայքարում: Այդ մասին այսօր, ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում, հաղորդեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար և արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը:

Նրա խոսքով, Աստանայի հռչակագիրը մի շարք բաղադրիչներ է պարունակում, որոնք կոչված են ձևավորելու դրա բովանդակալից հիմքը: «Նախ անհրաժեշտ է հստակ իմպուլս հաղորդել սպառազինության հանդեպ հսկողության ռեժիմի ակտիվացման ու ամրապնդման ուղղությամբ ընդհանուր ջանքերին և մեր տարածաշրջանում վստահության միջոցներին, հատկապես 1999 թվականի Վիեննայի փաստաթղթի մոդեռնիզացման ճանապարհով»,- հաղորդեց Սաուդաբաևը: Երկրորդը, նրա խոսքով, առաջարկվում է «ուժեղացնել ԵԱՀԿ գործունեությունն անդրազգային մարտահրավերների դեմ պայքարում: Երրորդը` ամրապնդել ԵԱՀԿ ներուժը հակամարտությունների վաղ նախազգուշացման, կանխման և լուծման, ճգնաժամային իրավիճակների կառավարման և հետհակամարտական վերականգնման գործում»,- տեղեկացրեց գործող նախագահը:

Ինչպես նշեց Սաուդաբաևը, փաստաթղթում «ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտությունների ռիսկերի նվազեցման նպատակով պետք է մեծ ուշադրություն հատկացվի միջէթնիկական ու միջկրոնական հանդուրժողականությանը»: «Բոլոր վերը նշված կետերը պետք է այս կամ այն ձևակերպմամբ տեղ գտնեն Աստանայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում` ներառյալ Գործողությունների ծրագիրը, որը կոչված է սահմանել մեր համագործակցության հիմնական ուղղությունները, կողմնորոշումներն ու կոնկրետ նպատակները»,- ամփոփեց նա, հաղորդում է Kazakhstan Today-ը: