Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում այսօր շարունակել է երկկողմ հանդիպումներ ունենալ գագաթնաժողովին մասնակցող երկրների և պատվիրակությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Պալ Շմիթի և Հայաստանի և Հունգարիայի նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ավելի են ամրապնդվել Հունգարիայի խորհրդարանում հայ-հունգարական բարեկամության խմբի ստեղծմամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի իշխանություններին և ժողովրդին` հայկական համայնքի նկատմամբ ջերմ և բարյացկամ վերաբերմունքի, համայնքի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման համար:
Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը և Պալ Շմիթն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին` նկատի առնելով, որ հաջորդ տարի Հունգարիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը: Նախագահ Պալ Շմիթն ընդգծել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: