Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում այսօր շարունակել է երկկողմ հանդիպումներ ունենալ գագաթնաժողովին մասնակցող երկրների և պատվիրակությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահը և ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն անդրադարձել են մեր երկրում ԵԱՀԿ կառույցների գործունեությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդման, բարեփոխումների իրականացմանն աջակցության ու մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից կարևորել այդ կառույցների գործունեությունը:
Դունյա Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցում են նաև ԶԼՄ օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Նա մամուլի ազատությունը խթանող կարևոր հանգամանք է համարել Հայաստանում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք, Դունյա Միյատովիչի հավաստմամբ, Կազմակերպության անդամ այլ երկրների համար ևս լավ օրինակ կարող են դառնալ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: