2 դեկտեմբերի 2010 - 14:34 AMT
Բելառուս ձեռնարկատերերը ժամանել են Հայաստան կոնկրետ առաջարկություններով

Դեկտեմբերի 2-ին Երևանում իր աշխատանքն է սկսել հայ-բելառուսական գործարար համաժողովը: «Տարբեր ոլորտների 12 բելառուսական ընկերությունների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել կոնկրետ առաջարկություններով»,- իր ողջույնի խոսքում ասել է Բելառուսի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վասիլի Ռոմանովը: Նրա խոսքերով, արտադրական պոտենցիալի իրագործվող լայնածավալ արդիականացումը պահանջում է լրացուցիչ ներդրումներ, ավելին, Բելառուսը պատրաստ է արտասահմանյան ներդրողներին տրամադրել ազատ առևտրի գոտիներ և արտոնություններ:

Իր հերթին, Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հավելել է, որ երկու երկրների միջև գործող նորմատիվային-իրավական բազան անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում փոքր և միջին բիզնեսի ոլորտում փոխհարաբերությունների խորացման համար: «Հայ-բելառուսական գործարար համաժողովը նոր խթան է հաղորդում երկկողմանի հարաբերությունների զարգացմանը: Բոլորի համար ակնհայտ է, որ միայն համատեղ ջանքերով մենք կարող ենք զարգացնել մեր տնտեսությունները»,- ասել է նա և ավելացրել, որ Հայաստանում արդյունավետ գործում է ԱրԲե առևտրի տունը, կան նաև հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ:

Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2010-ի 9 ամիսների արդյունքով կազմել է 29.317 մլն դոլար, որից արտահանմանը բաժին է ընկնում շուրջ 3 մլն դոլար, իսկ ներկրմանը` ավելի քան 26 մլն դոլար: Հայաստանից Բելառուս արտահանվում են մրգահյութեր, ոսկերչական իրեր, կոնյակ և այլն, իսկ Բելառուսից Հայաստան ներկրվում են բեռնատար մեքենաներ, տրակտորներ, դեղորայք, կահույք և թուղթ, քաղցրավենիք և այլն: