2010 թվականի դեկտեմբերի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացնում է հիփոթեքային վարկավորման ժամկետը մինչև 35 տարի ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար 30% ՀՀ դրամով սկզբնական կանխավճարով և 20% ԱՄՆ դոլարով: «Բացի այդ ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է նաև ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկի առավելագույն գումարը` հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլարի»,- ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
10-ից 35 տարի ժամկետով տրամադրվող հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները կազմում են սկսած 12%-ից ՀՀ դրամով և սկսած 11%-ից ԱՄՆ դոլարով: Բացի այդ պարզեցվել է նաև հիփոթեքային վարկի տրամադրման հաստատման գործընթացը և պահանջվող փաստաթղթերի ցանկը:
«Այս նոր առաջարկը, նախ և առաջ, հասցեագրված է երիտասարդ հաճախորդներին, և ես հույս ունեմ, որ այն կունենա մեծ պահանջարկ: Անշարժ գույքի ներկայիս գների պայմաններում վարկավորման ժամկետի ավելացումը էապես կթեթևացնի բնակարանի գնումը: Եվ, որպես հետևանք, դա հնարավորություն կտա գնորդներին ձեռք բերել ավելի լավ որակի բնակարաններ, չկորցնելով ժամանակ հավելյալ գումար կուտակելու համար»,- ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյան:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին նաև առաջարկում է վարկավորման տարբեր ծրագրեր` վերանորոգման, շինարարության վարկեր, հիփոթեքային վարկ «բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում: