2 դեկտեմբերի 2010 - 18:06 AMT
Հայաստանի ապահովագրական ընկերությունների անձնակազմն աշխատանքի քիչ փորձ և հմտություններ ունի

Կենսամակարդակով Հայաստանն առաջնային շուկա չէ ինչ-որ ապահովագրական ընկերության, ինչպես նաև համաշխարհային մասշտաբի ինչ-որ բանկի համար, բայց դրա հետ մեկտեղ յուրաքանչյուրն իր համար ընտրում է մուտքի պահը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին ասել է Ռոսգոսստրախ ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը: Եթե Ռուսաստանում ապահովագրված է բոլոր ռիսկերի 8-9 տոկոսը, Լեհաստանում` 65-68 տոկոսը, ԱՄՆ-ում` 97-98 տոկոսը, ապա Հայաստանում` 1 տոկոսից քիչ:

Բացի դրանից, նրա խոսքերով, ապահովագրական ընկերությունների անձնակազմն աշխատանքի քիչ փորձ և հմտություններ ունի, քանի որ մինչև հիմա Հայաստանում ապահովագրական շուկա չի ձևավորվել: «Վերջին երկու տարում մենք անընդհատ ուսուցանել ենք մեր անձնակազմին: Մեր փորձագետները ժամանել են այստեղ փորձի փոխանակում անելու համար, իրենց անձնակազմին տարել են Մոսկվա թրենինգներ անցկացնելու համար: Ուստի «Ռոսգոսստրախ-Հայաստան» ընկերության անձնակազմի մակարդակը բավական բարձր է»,- ասել է նա: 2010-ի 9 ամիսների արդյունքով«Ռոսգոսստրախ-Հայաստան» ընկերությունը հավաքել է 1575 մլն դրամի չափով ապահովագրական վճար: Ընկերության ապահովագրական ռեզերվները կազմել են 1.107 մլն դրամ:

ԱՊՊԱ պոլիսների վաճառքի համար ընկերությունը բացել է 10 գրասենյակ Երևանում և 11` Հայաստանի մարզերում: 2010-ին ընկերությունը ստեղծել է 170 լրացուցիչ աշխատատեղ: