Դեկտեմբերի 2-ին WikiLeaks կայքը հրապարակեց ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված նամակների հերթական բաժինը: Մասնավորապես, Բեռլինում ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Մերֆիի 2009 թվականի նոյեմբերի 12-ի զեկույցում հաստատվում է Թուրքիայի տարածքում ԱՄՆ մարտավարական միջուկային զենքի առկայությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Կրիստոֆ Խոյսգենը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպման ժամանակ արտահայտվել է գերմանական տարածքից միջուկային զենքի դուրսբերման կողմից: Գորդոնն ի պատասխան ասել է, որ Գերմանիայից և, հնարավոր է, Բելգիայից ու Նիդեռլանդներից միջուկային ռազմամթերքի դուրսբերման դեպքում «քաղաքականապես նպատակահարմար կլինի դրանք պահել Թուրքիայում»:
Հրապարակված փաստաթղթի համաձայն, նշված երկրներում տեղակայված է 200 ամերիկյան B-61 ռումբ, որոնք մի քանի անգամ գերազանցում են այն ռումբի հզորությունը, որը նետվեց Հիրոսիմայի վրա 1945 թվականին: