2 դեկտեմբերի 2010 - 20:12 AMT
ՏՏ և կենսատեխնոլոգիաների ոլորտի 5 հայկական նախագիծ ստացել են 15 հազար դոլարի դրամաշնորհներ

5 հայկական նախագիծ հաղթող է ճանաչվել «Ձեռնարկատիրությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած մրցույթի շրջանակներում: 15 հազար դոլար դրամաշնորհներ են ստացել ՀՀ ԳԱԱ բիոքիմիայի ինստիտուտի, Ֆիզիկայի ինստիտուտի, «Նանոմորֆ տեխնոլոգիա» գիտաարտադրական ՓԲԸ-ի, «Ինդաստրիալ թեքնոլոջիս» ՍՊԸ-ի և ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի նախագծերը:

STEP ծրագիրը չորրոդ անգամ է անցկացվում Հայաստանում: «Այս տարի ներկայացվել են լավ մշակված ծրագրեր: Քանի որ ծախսերի 10 տոկոսը պետք է փակեին նախագծերի հեղինակները, մենք տեսանք, որ նրանք համագործակցություն են հաստատել կոմերցիոն կազմակերպությունների հետ»,-ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նա նշել է նաև, որ անակնկալ կերպով երեք նախագծերի հեղինակները հրավիրվել էին ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների ու զարգացման ամերիկյան հիմնադրամի կողմից՝ ներկայացնելու համար իրենց գաղափարները ներդրողներին, քանի որ դրանք խոշոր ներդրումներ են պահանջում:

Ստացվել էր մասնակցության 23 հայտ, որոնցից երկրորդ փուլ անցան 13-ը: Ժյուրիի կազմում էին Bit Wise Solutions ընկերության հիմնադիր նախագահ Ռոն Բրումբարգերը, EV Consulting խորհրդատվական բաժնի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը և SAMS Consulting գլխավոր տնօրեն Սամվել Բարեյանը: