84 գիտնականներ կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին: Ընտրությունները տեղի կունենան 2010թ. դեկտեմբերի 27-28-ին՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ընթացքում: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում: Ակադեմիկոսների 6 թափուր տեղերի համար հայտ են ներկայացրել 11 գիտնականներ, իսկ թղթակից անդամների 22 թափուր տեղերի համար՝ 73 գիտնականներ:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել ինչպես ժամկետների պահպանման, այնպես էլ ակադեմիայի կորուստների առումով: 2003 թվականից կյանքից հեռացել են 40 ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ, սակայն ընտրություններն ավելի շուտ չեն անցկացվել, քանի որ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի պատճառով պետական բյուջեից անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել ակադեմիկոսների եւ թղթակից անդամների պատվովճարների համար:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց հիմնական պահանջները, որոնք ներկայացվում են առաջադրված թեկնածուներին: Բացի խոշոր գիտական ձեռքբերումներից ուշադրություն է դարձվում նրանց գիտական աշխատությունների համապատասխանությանը այն առաջնահերթություններին, որոնք անհրաժեշտ է զարգացնել մեր երկրում, ինչպես նաեւ կրթության ոլորտում նրանց վաստակին, հաղորդում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: