2010 թվականին հայտարարված «Բարեկարգ Երևան» ծրագիրն ընդգրկեց քաղաքային տնտեսության գրեթե բոլոր բնագավառները` փողոցների, ճանապարհների ու բակերի բարեկարգում, հենապատերի հիմնանորոգում, արտաքին լուսավորության համակարգերի վերականգնում, խաղային ատրակցիոնների տեղադրում, ճանապարհային հանգույցների շինարարություն և այլն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Երևանիքաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետկապերիվարչությունից:
Այս տարի մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր ծավալը, ներառյալ բակային տարածքները, կազմել է շուրջ 890000 ք.մ։ Հիմնանորոգվել է 6 փողոց, որից 2 –ը` Թբիլիսյան և Ծիծեռնակաբերդի խճուղիները, վերակառուցվել են:
Թբիլիսյան խճուղու վերակառուցումը մեկնարկեց մայիսին: Ամբողջությամբ փոխվել է շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը, որը նախկինում լի էր խորդուբորդերով ու դարձել էր դժվարանցանելի: Խճուղու Երևան մտնող ուղղության աջակողմյան մայթը հիմնովին ասֆալտապատվել է, նորերով են փոխարինվել եզրաքարերը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Բացի այդ, ըստ անհրաժեշտության, Թբիլիսյան խճուղում հատվածաբար կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, մնացած հատվածներում այն վերանորոգվել է: Փողոցն ամբողջությամբ նշագծվել է:
Վերակառուցված մյուսճանապարհը Ծիծեռնակաբերդի խճուղին է, որի 1– ին փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվել են: Միայն ասֆալտապատման ծավալը կազմել է 30000 քռ.մետր: Փողոցը լայնացել է 4 մետրով: Ծիծեռնակաբերդի խճուղում նախկին միաշերտ երթևեկի փոխարեն այժմ յուրաքանչյուր կողմից 2–ական երթևեկելի գոտի է ապահովված: Այստեղ փոխվել են եզրաքարերը, ճանապարհի 2 կողմից նոր մայթեր են կառուցվել, ինչը նախկինում այս ճանապարհը չի ունեցել: Նոր է նաև արտաքին լուսավորության համակարգը: Ներկառուցվել է ջրահեռացման համակարգ, որը նույնպես նախկինում չի եղել: Ընդ որում, այստեղ կիրառվել է ճանապրհաշինական նոր մոտեցում։ Նկատի առնելով խճուղուն հարող տարածքների զարգացման հեռահար ծրագրերը՝ շինարարության ընթացքում անցկացվել են հաղորդուղիների ստորգետնյա խողովակաշարեր, ինչի շնորհիվ հետագայում հարակից տարածները ջրով, էլեկտրականությամբ և հեռախոսակապով ապահովելու համար փողոցը քանդելու կարիք չի լինի։ Ձևափոխվել և նշագծվել է նաև Ծիծեռնակաբերդի խճուղու շարունակություն համարվող Բրազիլիայի հրապարակը` կենտրոնական հատվածում ձևավորվել է սիզամարգ, որն առաջիկա գարնանը ծաղկապատ կլինի: Զուգահեռաբար արդեն սկսվել են նաև Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2–րդ փուլի աշխատանքները՝ կառուցվում է տրանսպորտային էստակադա։ Ընթացող շինարարությունը չի խանգարում երթևեկությանը, քանի որ կատարվում է հիմնականում ճանապարհի հարակից մասում։ Էստակադայի նպատակը երթևեկության համար անարգել շրջադարձի հնարավորություն ստեղծելն է դեպի Եղեռնի զոհերի հուշարձան և մարզահամերգային համալիր։ Շինարարական աշխատանքների վերջնական ավարտը նախատեսվում է գարնանը, որից հետո Երևանը կունենա ևս մեկ ժամանակակից և լիարժեքորեն հարմար երթևեկելի ճանապարհ։
Քաղաքապետարնի կողմից 2010 թվականին հիմնանարոգվեցին Գրիգոր Լուսավորչի, Թամանցիների, Դավիթ Անհաղթի ու Ռուբինյանց փողոցները։ Թամանցիների փողոցում, բացի տրամվայի գծերի ապամոնտաժումից, ըստ անհրաժեշտության նորոգվել է շուրջ 13000 ք.մ ասֆալտբետոնե ծածկ: Փողոցի վթարային վիճակում գտնվող հիմնական սնուցող ջրագիծը ևս շինարարության ընթացքում փոխարինվել է նորով, նոր ցանց է կառուցվել: Ապամոնտաժվել են նաև Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց և Գրիգոր Լուսավորչի փողոցների տրամվայի գծերը: Տարածքները ասֆալտապատվել և բերվել են ավարտուն տեսքի:
Ընդհանուր առմամբ 220 փողոցներում կատարվել են ասֆալտբետոնե ծածկի վերականգնման և ընթացիկ նորոգման աշխատանքներ, դրանցից 29-ում ասֆալտապատման աշխատանքները կրել են ծավալուն բնույթ։ Այս տարի լուրջ ուշադրություն է դարձվել նաև բակային տարածքների ասֆալտապատմանը և երկրորդական փողոցների վերանորոգմանը ։
«Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակներում այս տարի վերանորոգվեցին մայրաքաղաքի 5 փողոցների հենապատեր: Սարյան, Լեո, Օրբելի, Բաբաջանյան փողոցներում և Նոր Նորքի 8-րդ զանգվածում դրանք այլևս չէին ծառայում իրենց նպատակին: Հենապատերի նորոգումն անհրաժեշտություն էր: Դրանցից շատերը վտանգավոր էին ինչպես երթևեկության,այնպես էլ անցորդների համար:
Այս տարի քաղաքապետարանի կողմից վերակառուցված 80 բակերում տեղադրվել են մանկական շուրջ 140 ատրակցիոններ։ Թվով 79 բակերում վերականգնվել է արտաքին լուսավորության ցանցը, իսկ լուսավորված փողոցների թիվն ավելացել է 20-ով, արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատաքները մինչև տարեվերջ շարունակելի են։ Այժմ գործընթացը շարունակվում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի 6 փողոցներում։
«Բարեկարգ Երևան» ծրագրի բաղադրիչներից մեկը երբեմնի «Վարդագույն Երևանի» համբավը վերականգնելն է։ Ծրագիրը մեկնարկել է Մաշտոցի պողոտայից, շենքերի ճակատները լվանալուց, մաքրելուց բացի, ըստ անհրաժեշտության, պատերն ու պատշգամբները նաև ներկվում ու նորոգվում են` բերվելով իրենց նախկին, նախագծային տեսքին։ 2010 թվականի ծրագրում ընդգրկված թվով 40 շենքերից 30-ի թարմացումն արդեն ավարտված է։ Աշխատանքերի համար Երևանի քաղաքային բյուջեից հատկացվել է 160 մլն դրամ։ Քաղաքապետարանի միջոցներով մաքրվում են բազմաբնակարան շենքների ու պետական հիմնարկների շենքերի պատերը։ Մասնավոր ընկերություններին պատկանող շենքերը մաքրվելու են սեփականատերերի միջոցներով։
Մաքրման աշխատանքների նախագծերը մշակվել են «Երևաննախագիծ» ինստիտուտի կողմից։ Ծրագրի հիմնական նպատակը շենքերի նախագծային տեսքի վերականգնումն է։ Հաշվի է առնվել, թե 40-50 տարի առաջ շահագործման հանձնված շենքները ինչպիսի տեսք ու գույն են ունեցել։ Այս ծրագիրը ևս շարունակական է լինելու: Հաջորդ տարի մաքրվելու են Կորյուն, Իսահակյան, Թումանյան, Ամիրյան փողոցների շենքերը։