4 դեկտեմբերի 2010 - 15:14 AMT
Կարեն Բեքարյան. Հայաստանը վաղուց արդեն պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը

«Ես կարծում եմ, որ Հայաստանը վաղուց արդեն պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, եթե Հայաստանը մինչ օրս դա չի արել, ապա միակ պատճառն այն է, որ երկիրը չի ցանկանում «փակել դռները» բանակցային գործընթացի համար: Նա նշել է, որ երկրի ղեկավարությունը միշտ հույս ուներ, որ միջազգային հանրությունը կհասկանա, որ հակամարտության լուծումը ԼՂՀ անկախության ճանաչումն է:

Հայ փորձագետը նշել է նաև, որ Արցախի անկախության ճանաչումը ՀՀ կողմից պարտադիր չէ, որ լինի պատերազմի վերսկսման դեպքում, դա կարող է տեղի ունենալ նաև որպես բանակցային գործընթացի տրամաբանական շարունակությունը: Օրինակ, ըստ նրա, Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, երբ վերջնականապես պարզ դառնա, որ Ադրբեջանը մտադիր չէ որևէ քայլ ձեռնարկել Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ:

Անդրադառնալով այն հարցին, թե կճանաչի արդյոք ՀՀ խորհրդարանը Արցախի անկախությունը դեկտեմբերի 9-ի նիստում՝ Կարեն Բեքարյանն ասել է, որ հավանաբար, այդ հարցը կրկին կհետաձգվի: Ըստ նրա, ԵԱՀԿ գագաթնաժողովում ՀՀ նախագահը ուղերձ հղեց Ադրբեջանի ղեկավարությանը, դեռ հարկավոր է սպասել ադրբեջանական կողմի պատասխանին: Այդ համատեքստում նա նշեց, որ քվեարկության համար դեռ որոշակի հիմքեր չկան: