6 դեկտեմբերի 2010 - 13:49 AMT
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ: Հանդիպման սկզբում Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար:

Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Դաշինքի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նշանակալից առաջընթացի առնչությամբ եւ հուսաց, որ այն երկուստեք կկրի հետեւողական եւ շարունակական բնույթ:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը քննարկեցին Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքները, կայացված որոշումների եւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման, ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Հանգամանալից անդրադարձ կատարվեց գործընկերությունների տարբեր ձեւաչափերի զարգացման եւ բովանդակությամբ հագեցման խնդիրներին: Աֆղանստանի գործողության եւ երկրի անվտանգության գործառույթների աֆղանական իշխանություններին աստիճանաբար փոխանցման խնդիրների հետ կապված, Կլաուդիո Բիզոնիերոն դրվատեց Հայաստանի ղեկավարության որոշումը` կրկնապատկելու գործողությանը մասնակցող իր զինվորականների թիվը:

Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող զարգացումները: