«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ «Փյունիկը» հրաժարվում է մասնակցել Համագործակցության գավաթի խաղարկությանը: Դա հիմնավորված է նրանով, որ կազմակերպիչները պահանջում են խաղալ հիմնական կազմով, իսկ մեր ֆուտբոլիստները պետք է պատրաստվեն այլ առաջնությունների, այդ թվում նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղերին»,-մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի «Փյունիկի» նախագահ Կարեն Հարությունյանը:
Հարությունյանը նշել է նաև, որ իրենց նպատակն է ուշադրություն դարձնել «Փյունիկի» սաներին, և երիտասարդ խաղացողները հաջորդ խաղաշրջանում կհամալրեն ակումբի կազմը: Իսկ 2010թ. «Փյունիկի» 33 ֆուտբոլիստներ հանդես են եկել ՀՀ հավաքականի կազմում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ամփոփել է 2010թ. արդյունքները: «Ճիշտ է, «Փյունիկը» նվաճել է երկրի բոլոր տիտղոսները և դա մեծ պատիվ է մեզ համար, սակայն ինձ համար անձամբ կարևոր է, որ «Փյունիկը», ինչպես նաև հավաքականը գեղեցիկ խաղ ցույց տան»,-սաել է Մինասյանը:
Ըստ գլխավոր մարզչի, ֆուտբոլիստները մինչև դեկտեմբերի 15-ը անհատապես են մարզվում, իսկ դեկտեմբերի 27-30-ին համատեղ մարզումներ կանցկացնեն, իսկ հունվարի 6-ին կմեկնարկեն հիմնական նախապատրաստական մարզումները:
«Մինչ հաջորդ խաղաշրջանի մեկնարկը մենք երեք հավաք կանցկացնենք, որից մեկը Կիպրոսում: Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի առաջնությունը մեկնարկում է մարտի 1-ին: Ես ցանկանում եմ, որ մինչ Ռուսաստանի հավաքականի հետ խաղը արդեն 4 խաղ կայացած լինի՝ 2-ը երկրի առաջնությունում և 2-ը՝ Հայաստանի գավաթի խաղարկությունում: Դա թույլ կտա նախապատրաստվել խաղին»,-հավելել է «Փյունիկի» մարզիչը: