6 դեկտեմբերի 2010 - 15:44 AMT
«ՀայՌուսգազարդ». Գազի սակագնի նվազման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Ջեռուցման սեզոնի մեկնարկի շեմին Հայաստանի բնակչության շրջանում լուրեր են տարածվել այն մասին, թե առաջիկա ամիսներին գազի սակագինը գործող 132 դրամի փոխարեն կկազմի 90 դրամ խմ համար: Սակայն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում հավաստիացրեցին, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Մինչև 2011թ. ապրիլի 1-ը գազի գործող սակագինը չի փոխվի»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը:

2010թ. ապրիլի 1-ից գազի գինը հայ սպառողների համար աճեց 37,5 տոկոսով՝ կազմելով 132 դրամ խմ համար նախորդ 96 դրամի փոխարեն: 10 հազար խմ ավելի գազ օգտագործող ընկերությունների համար գինը աճեց 13 տոկոսով՝ կազմելով 243, 13 դոլար 1 հազար խմ գազի դիմաց նախորդ 215 դոլարի փոխարեն:

«Գազպրոմը» հայտարարել է Բելառուսի, Մոլդովայի ու Հայաստանի հետ շուկայական գնագոյացման անցնելու մասին և սակագնի աճ է ակնկալում 2011թ.: