6 դեկտեմբերի 2010 - 18:23 AMT
1988-ի երկրաշարժի հետևանքով երկրի երեսից համարյա ջնջված Սպիտակ քաղաքը վստահ տեմպերով վերականգնվում է

Սպիտակ քաղաքն այսօր վերականգնվում է ՀՀ նախագահի կողմից հաստատված ծրագրի համաձայն: Glendale Hills շինարարական ընկերության կողմից կառուցվել է 220 բնակարան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սպիտակ քաղաքի քաղաքապետի տեղակալ Անահիտ Գյուլազյանը: Նրա խոսքերով, նոյեմբերի 6-ին այդ բնակարաններից 165-ը հանձնվել է նոր տերերին, իսկ մնացած 55-ը հանձնվելու են մոտ ժամանակները:

Միաժամանակ նա հայտնել է, որ հաջորդ տարի լուծվելու է նաև մեկ սենյականոց բնակարանների հարցը: «Ժողովուրդը կապված է իր քաղաքի հետ և ամեն ինչ անում է, որպեսզի այն վերականգնվի»,- ասել է Սպիտակ քաղաքի քաղաքապետի տեղակալը և հավելել, որ քաղաքի գլխավոր խնդիրը մնում է գործազրկությունը:

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 22 տարին: 1988-ի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11:41-ին Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրեթե երկրի երեսից վերացրեց Սպիտակ և Լենինական քաղաքները: Մահացավ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը վիրավորվեց, շատերը ողջ կյանքում հաշմանդամ մնացին: Սպիտակի երկրաշարժը մտնում է աշխարհի ամենախոշոր աղետների թվի մեջ: