9 դեկտեմբերի 2010 - 16:47 AMT
Հայկ Դեմոյան. Սաֆարովը չի կարող էքստրադիցիայի ենթարկվել առանց Հայաստանի իմացության

Սաֆարովը չի կարող էքստրադիցիայի ենթարկվել, անկախ նրանից, որ Հունգարիայի ու Ադրբեջանի միջև համաձայնություն գոյություն ունի էքստրադիցիայի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել 2006թ. դատավարության ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: «Եթե Հունգարիան նման քայլի գնա, նա պարտավոր է իրազեկել այդ մասին Հայաստանին: Սակայն, հանցագործության ծանրությունն ու մեղմացուցիչ հանգամանքների բացակայությունը անհնար են դարձնում Սաֆարովի էքստրադիցիան»,-ասել է Դեմոյանը:

Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի քաղաքային դատարանի 2006թ. ապրիլի 13-ի որոշմամբ ցմահ ազատազրկման դատապարտվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, որին նա կացնահարել էր քնած ժամանակ: Երկու սպաները Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի դասընթացներին: 2007թ. ապրիլի 22-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը, քննելով գործը, ուժի մեջ թողեց դատավճիռը:

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Իրավաբանների միջազգային միության փոխնախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Իլհամ Ռահիմովի, դեկտեմբերի 6-7 Հունգարիա այցի շրջանակներում քննարկել է Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան էքստրադիցիայի հարցը: