Դեկտեմբերի 8-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Եղիազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային: Հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել զրույց, որին մասնակցել են նաեւ Բրազիլիայի արտգործնախարար Սելսո Ամորինը, Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Մարկո Գարսիան:
Նախագահը գոհունակություն է հայտնել Բրազիլիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրման առթիվ, շնորհավորել Հայաստանի դեսպանին իր պարտականություններին անցնելու կապակցությամբ: Հիշատակելով այն հանգամանքը, որ դեսպանը երկար տարիներ ծառայել է Բրազիլիայում որպես ՀՀ գլխավոր հյուպատոս եւ լավատեղյակ է երկրի ներքին ու արտաքին գործերին` Լուիս Ինասիո Լուլան վստահություն է հայտնել, որ նա կարող է էական նպաստ բերել հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանը:
Հայաստանի դեսպանը նշել է, որ իր ջանքերը կուղղի երկու երկրների միջեւ համագործակցության եւ բարեկամական կապերի առավել ընդլայնմանն ու խորացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական կապերին, դրանց շարունակական ընդլայնման անհրաժեշտությանը, գիտական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության սերտացմանը: Դեսպան Եզիազարյանը ներկայացրել է այդ ուղղությամբ ներկայացուցչության կողմից նախատեսվող հիմնական ծրագրերը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Բրազիլիայի նախագահը բարձր է գնահատել բրազիլահայերի ավանդը երկրի զարգացման գործում, հետաքրքրվել հայկական համայնքի ներկա գործերով, Սան Պաուլոյի համալսարանում հայագիտության ամբիոնի գործունեությամբ, հիշատակել հայազգի անցյալ եւ ներկա կարեւոր պետական ու հասարակական գործիչներին: Արտգործնախարար Սելսո Ամորինն ընդգծել է ԱԳՆ համակարգում հայազգի մոտ երեք տասնյակ դիվանագետների, այդ թվում` չորս դեսպանների արդյունավետ աշխատանքը: