13 դեկտեմբերի 2010 - 19:47 AMT
Կարեն Վարդանյան. Անհրաժեշտ է ԱՊՀ երկրների համար ձևակերպել նորարարական խնդիրները

ԱՊՀ երկրների միջև նորարարական համագործակցությունն անհրաժեշտ է զարգացնել` շեշտը դնելով երիտասարդության ներգրավման վրա: Այդ մասին «Նորարարական համագործակցությունն ԱՊՀ տարածքում» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև հեռուստակամուրջի ընթացքում ասաց Հայաստանի ՏՏ Ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Ցավոք, այսօր արտասահմանյան փորձի կրկնօրինակում է տեղի ունենում, որտեղ շեշտը դրվում է ինֆրակառույցի զարգացման վրա: Սակայն մենք կարող ենք կառուցել տեխնոպարկեր, որտեղ ոչ ոք չի աշխատի կամ էլ կներկայացվեն միջակ նախագծեր»,- նշեց Վարդանյանը: Փորձագետի խոսքով` նորարարական բիզնեսով զբաղվել ցանկացող երիտասարդ մասնագետներին օգնությունն այս փուլում կարևորագույն խնդիր է հանդիսանում: Բացի դրանից, Կարեն Վարդանյանի կարծիքով, անհրաժեշտ է հստակ ձևակերպել այն նորարարական խնդիրները, որոնք պետք է լուծեն մասնագետներն ԱՊՀ-ում: «Եթե Խորհրդային Միության տարիներին մենք բարձր տեխնոլոգիական արտադրություն ունեինք, ապա այսօր ԱՊՀ-ում երիտասարդությունը ծանոթ չէ այդ շուկայի խնդիրներին»,- նշեց նա: Կարեն Վարդանյանն առաջարկեց ԱՊՀ նորարարական երկրների միջպետական բազա ստեղծել:

ՌԳԱ Ժողովրդատնտեսական կանխատեսման ինստիտուտի պրոֆեսոր Նիկոլայ Կոմկովն իր հերթին նշեց, որ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ԱՊՀ երկրների առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը նորարարությունների պահանջարկի բարձրացումն է: «Կարևոր է երկրների մրցունակության գնահատումը: Օրինակ` Ռուսաստանում և Ուկրաինայում նորարարական արտադրանքը դժվարությամբ են իրացնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: ԱՊՀ երկրների տնտեսություններն էլ իրենց հերթին առանց նորարարությունների զարգացման չեն կարող մրցունակ լինել»,- ասաց փորձագետը: «Ուկրաինական գիտական ակումբ» ՀԿ գործադիր տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նատալյա Շուլգան իր հերթին առաջարկեց ԱՊՀ երկրների համատեղ ջանքերով զարգացնել էներգախնայման և բիոբժշկության ոլորտները: