14 դեկտեմբերի 2010 - 14:28 AMT
HSBC Բանկ Հայաստանը կաջակցի Խոսրովի արգելոցի պահպանմանը

Դեկտեմբերի 14-ին Երևանում կայացել է քառակողմ հուշագրի ստորագրում, որի կողմերն են ՀՀ բնապահպանության նախարարությունն ի դեմս նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի, «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ի դեմս գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանի, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ն ի դեմս տնօրեն Վարանցով Բարսեղյանի և Կովկասի բնության հիմնադրամն ի դեմս գործադիր տնօրեն Դեյվիդ Մորրիսոնի:

Փաստաթղթի համաձայն, «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 30 000 դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրում «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ին 2010-2012թթ. ընթացքում: Այդ միջոցներն ուղղվելու են հասարակության, մասնավորապես, աշակերտների և ուսանողների շարքում էկոդաստիարակության, էկոգրագիտության և էկոզբոսաշրջության զարգացմանը:

Քառակողմ հուշագրի ստորագրումից հետո ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ դա բիզնեսի հետ առաջին համագործակցությունն է, որն ուղղվելու է բնապահպանական խնդիրների լուծմանը: «Հուսով եմ, որ այդ օրինակը վարակիչ կլինի: Դա միայն սկիզբն է, քանի որ մի շարք ծրագրերի իրագործման շրջանակներում մեր պլանների մեջ է մտնում ոչ միայն բիզնեսի ներգրավումը»,- հավելել է նա:

Իր հերթին, Իրինա Սեյլանյանը նշել է, որ բանկը մեծ պոտենցիալ է տեսնում վայրի բնության և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև Հայաստանը` որպես աշխարհի 34 կենսաբազմազանության տարածքներից մեկը, զարգացնելու մեջ: «Մենք ուրախ ենք, որ դարձել ենք այս ծրագրի մասը: Այն համահունչ է HSBC-ի կողմից ամբողջ աշխարհում իրականացվող բնապահպանական ծրագրերին»,- ասել է նա և հավելել, որ բացի ֆինանսական միջոցներից, բանկը պատրաստ է կիսվել փորձով, քանի որ բանկի 30 աշխատողներ արդեն մասնակցել են նման ծրագրերի: