14 դեկտեմբերի 2010 - 15:20 AMT
Թաներ Աքչամ. Հայոց ցեղասպանության ժխտման վրա չի կարելի ժողովրդավարական պետություն կառուցել

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը և կարծում է, որ կառուցում է ժողովրդավարական պետություն: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել թուրք պատմաբան Թաներ Աքչամը: «Սակայն, այդպես երկար շարունակվել չի կարող: Միայն ես չեմ խնդրում իմ երկրի կառավարությանը փոխվել, առերեսվել սեփական պատմության հետ: Ճանաչել ցեղասպանությունն այժմ անիրական է թվում, սակայն, ես լիահույս եմ, որ այդ օրը կգա»,-նշել է Աքչամը: Ըստ նրա, եթե Ցեղասպանություն չանվանել այն, ինչ կատարվել է 1915թ. հայերի հետ, այդ դեպքում, կարելի է պնդել, որ աշխարհում ընդհանրապես, ոչ մի ցեղասպանություն չի եղել: «Այդպիսին է իմ տրամաբանությունը՝ իրերը հարկավոր է իրենց անուններով կոչել, դրանց ճիշտ վերաբերվելու համար: Երբ մենք խոսում ենք անցյալի մասին, մենք ձգտում ենք հասնել խաղաղության ու բարեկամության, ոչ թե՝ թշնամանքի»,-ասել է նա:

Ըստ նրա, ամեն անգամ Հայաստան այցելելիս, նա լինում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: «Ես եղել եմ Ծիծեռնակաբերդում երկու անգամ, կգնամ նաև երրորդ անգամ գիտաժողովի բոլոր մասնակիցների հետ»,-ասել է նա: Թաներ Աքչամը թուրք պատմաբան է, սոցիոլոգ և հրապարակախոս: Նա առաջին թուրք պատմաբաններից մեկն է, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 1978թ. նա բնակվում է Գերմանիայում՝ ստանալով քաղաքական փախստականի կարգավիճակ: