17 դեկտեմբերի 2010 - 16:05 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է կրթաթոշակային աջակցության ծրագրի մեկնարկի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է հատուկ կարիքներ ունեցող ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին և երկրորդ կուրսի ուսանողների կրթաթոշակային աջակցության ծրագրի մեկնարկի մասին: Ընկերությունը մինչև ուսման ավարտը պատրաստ է օժանդակել այդ ուսանողներին, պայմանով, որ նրանք հաջողությամբ ավարտեն ակադեմիական տարին և փոխադրվեն հաջորդ կուրս:

Կրթաթոշակային այս աննախադեպ ծրագիրը նպատակ ունի ուսուցման ամբողջ ժամանակահատվածում ուսման վարձը հատուցելով` կրթությունը հասանելի դարձնել խոցելի խմբերում ընդգրկված այդ ուսանողներին: Այս ծրագիրը նրանց կքաջալերի նոր ձգտումների և հմտությունները կատարելագործելու հարցում` նաև բարելավելով սոցիալական և հոգեբանական վիճակը:

«Կրթաթոշակ կտրամադրվի ամենախոցելի ընտանիքներում ապրող 150 երիտասարդի` ապահովելով նրանց կրթությունը: Այս նախաձեռնությունն իրականացվում է` խոցելի խմբի երիտասարդ սերնդին մասնագիտական գիտելիքներ և հմտություններ տրամադրելու և այդ կերպ նաև` երկրում աղքատությունը հաղթահարելու նպատակով», -ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընդհանուր առմամբ նախագծից կօգտվի 150 ուսանող` Երևանից և հեռավոր մարզերից: