17 դեկտեմբերի 2010 - 20:12 AMT
Ջուլիան Ասանժը խոստանում է շարունակել գաղտնի փաստաթղթերի հրապարակումը WikiLeaks-ում

WikiLeaks աղմկահարույց կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ իրեն վարկաբեկելու քարոզարշավ է սկսվել: Ըստ նրա, սեռական բնույթի հանցագործության համար նրան Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու փորձը ևս այս արշավի մաս է կազմում: «Ես զգում եմ, որ այս ամենում բախվել են մի շարք անձնական, ներքին և միջազգային բնույթի շահեր: Դա չի կարող տագնապ չառաջացնել»,-ասել է Ասանժը:

Նա հերքում է իր հասցեին արված բոլոր մեղադրանքները: Դուրս գալով Լոնդոնի բանտից նա խոստացավ, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումն իր կայքում կշարունակվի:

Ասանժը հայտարարեց նաև, որ WikiLeaks-ը 50 հազար դոլար է հատկացրել Բրեդլի Մենինգի փաստաբաններին վճարելու համար: Մենինգը ԱՄՆ բանակի զինծառայող է, որին մեղադրում են գաղտնի փաստաթղթերը կայքին հանձնելու համար:

Դեկտեմբերի 16-ին Ասանժը ազատ արձակվեց Լոնդոնի բարձր դատարանի՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու որոշման հիման վրա: Այժմ Ասանժը գտնվում է իր կողմնակիցներից մեկի՝ լրագրող Վոեն Սմիթի ընտանեկան ագարակում: