18 դեկտեմբերի 2010 - 15:19 AMT
Սերգեյ Մինասյան. Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը խանգարելու համար Թուրքիան կարող է դիմել քաղաքական բլեֆի

ԱՄՆ-ն ժողովրդավարական երկիր է, և եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը որոշի քննարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, վարչակազմը չի կարող խանգարել դրան, այլ բան է, եթե նրանք փորձում են համոզել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ զրույցում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստացել է խոչընդոտել բանաձևի քվերակությանը: Անդրադառնալով նրան, թե կարող է արդյոք դա լինել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հերթական լծակ, հայ փորձագետն ասել է, որ ցանկացած բանաձև կամ հռչակագիր, որը վերաբերվում է Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայի վրա ճնշման միջոց է: Մինասյանը նաև չի բացառել, որ Անկարան կարող է դիմել սպառնալիքների` բանաձևի քննարկմանը խանգարելու համար: «Սակայն դժվար է ասել` կլինի դա իրական սպառանալիք թե քաղաքական բլեֆ»,- ասել է Սերգեյ Մինասյանը և հավելել, որ Թուրքիան կփորձի դրա համար կիրառել ողջ քաղաքական-դիվանագիտական զինանոցը:

Հայ փորձագետը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը կարող է նաև կապված լինել վերջին ժամանակները թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման հետ:

Այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է քննարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում առաջիկա 48 ժամվա ընթացքում, նախօրեին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է մամլո քարտուղար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Նրա խոսքերով, ANCA-ն կոչ է անում ԱՄՆ հայերին զանգահարել իրենց կոնգրեսականներին և պահանջել քվեարկել 252 բանաձևի օգտին:

ANCA-ն, ինչպես նաև շոու բիզնեսի հայազգի անվանի ներկայացուցիչները նախաձեռնել են ակցիա, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: