18 դեկտեմբերի 2010 - 17:18 AMT
ՀՀ նախագահ. Ընդդիմությունը երկրի զարգացման կարևորագույն խթաններից մեկը

Հայաստանում ընդդիմախոսներին հիմնականում կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խմբում մեր երկրի ու ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգ անհատներ են, որոնք բարձրացնում են հարցեր, երբեմն՝ շատ սուր, վեր են հանում խնդիրներ, ահազանգ են հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանությունները ուշացել են: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ըստ նախագահը, այդպիսի ուժերին ՀՀԿ-ն հարգում է, և նրանց խոսքը միշտ լուրջ կշիռ ունի կուսակցության ծրագրերը կազմելիս: Նախագահի խոսքերով, այս խմբին կարելի է դասել նաև նրանց, ովքեր «մեր կուսակցության և կառավարող կոալիցիայի քաղաքական գիծը մասամբ համարում են ճիշտ և մասամբ անընդունելի: Մենք բնականաբար մեր ընտրած ուղին համարում ենք ճիշտ: Այլ հարց է, որ մեր աշխատանքում տեղ գտած թերացումները կարող են դանդաղեցնել մեր ընթացքը, բայց ճանապարհը, վստահ եմ, ճիշտ է ընտրված»:

Ըստ Սերժ Սարգսյանի, երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում են միմիայն իշխանափոխության մեջ: «Նրանք ասում են. հենց որ Սերժ Սարգսյանի փոխարեն մենք լինենք հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի: Քանի դեռ նա է, ամեն ինչ վատ է և վատ է լինելու: Այս պարզունակ բանաձևն արդեն տարիներ շարունակ թմբկահարվում է: Երկրի Նախագահին բոլոր դժբախտությունների պատճառ հռչակելը, ինչպես նաև բոլոր խնդիրները հեշտ ու արագ, մի հարվածով լուծելու խոստումը, համոզված եմ, սպառել են իրենց: Ասելիքի բացակայությունը մի կողմից, §ամեն ինչ վատ է¦ սկզբունքը մյուս կողմից, հանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց ոչ ավել, ոչ պակաս §ռասիզմ»: Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում Նժդեհի փաստաբանը դառնալ: Նժդեհը դրա կարիքը բացարձակապես չունի: Ի տարբերություն մերօրյա որոշ ճարտասանների, նա ասելիք ունի իր ժողովրդին»,-ասել է նախագահը:

«Եթե կարճ ձևակերպենք. այս խմբի ներկայացուցիչների համար երկրագունդը պտտվում է ոչ թե արեգակի, այլ նախագահական աթոռի շուրջը: Բայց այստեղ կան նաև անհատներ, ովքեր պարբերաբար սահուն անցում են կատարում դեպի երրորդ խումբ. Երբեմն, իհարկե, վերադառնում են, բայց ավելի հաճախ մնում են այնտեղ:

Երրորդ խումբը, որ բարեբախտաբար փոքրաթիվ է, ինքն է իրեն ընդդիմախոս հայտարարել: Չգիտեմ՝ ակամա, թե գիտակցաբար, նրանք իրականացնում են հայ ժողովրդին, հայոց պետականությունը և հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր: Ընդ որում, դա արվում է հետևողական կերպով և մեթոդաբար, արվում է քայլերի որոշակի հաշվարկով, արվում է` ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, արվում է ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ավելին, նրանց ձևակերպումները հաճախ բառացի նույնությամբ մենք տեսնում ենք ադրբեջանական և թուրքական քարոզչության էջերում: Ընդգծում եմ. խոսքը մեր բանակում առկա խնդիրների առարկայական քննադատությանը չի վերաբերում: Այդ քննադատությունը մենք համարում ենք բնական և կարևոր: Հենց դրա կարևորության գիտակցումով է, որ մեր Զինված ուժերն օր-օրի այդքան բաց են դառնում հասարակության համար: Տվյալ դեպքում խոսքը բոլորովին այլ երևույթի մասին է: Այս երրորդ խմբի ներկայացուցիչներին մենք ընդդիմախոս չենք համարում: Մենք նրանց այլ անուն ենք տալիս: Այս ամենով հանդերձ, միշտ պետք է հիշել, որ ընդդիմությունը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստությունն է, մեր զարգացման կարևորագույն խթաններից մեկը»,-ասել է նախագահն իր ելույթում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: