18 դեկտեմբերի 2010 - 17:24 AMT
Սերժ Սարգսյան. Եվրոպական չափանիշները պետք է ընդօրինակելի դառնան Հայաստանի համար

Եվրոպական չափանիշները՝ խանութի ցուցափեղկում դրված սննդամթերքից սկսած մինչև պետաիրավական համակարգ, պետք է ընդօրինակելի դառնան Հայաստանի համար: Այս մասին ասել է ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն Հայաստանում, որովհետև դրանք բարձր և ժամանակով ստուգված չափանիշներ են:

«Այստեղ չպետք է տեսնել հակասություն այն իրողության հետ, որ Հայաստանը ԱՊՀ անդամ է, ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանի Դաշնության հետ մեր բազմակողմանի և սերտ, ես կասեի, շատ դեպքերում օրինակելի համագործակցությունը չի կարող հակասության մեջ լինել այն արժեքների հետ, որ հռչակում է նաև ինքը՝ Ռուսաստանը: Ավելին, ես վստահ եմ, որ մեր բարեկամները թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում, թե՛ ամենուրեք միայն ուրախ կլինեն մեր ձեռքբերումների համար»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: