Մենք շատ լավ հասկանում ենք, որ նույնիսկ անընդհատ և նշանակալի մեծացնելով սոցիալական ուղղվածության ծրագրերի ծավալները, մեզ, միևնույն է, դեռևս չի հաջողվել չեզոքացնել բնակչության խոցելի խմբերի վրա բացասական զարգացումների ազդեցությունը: Այս մասին ասել է ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր մասնակցել է ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի հետճգնաժամային տնտեսությունը դեռ լիովին թափ չի հավաքել, որ մեր տնտեսության մեջ արմատացած բազմաթիվ խնդիրները դեռ լիարժեք լուծում չեն ստացել, իսկ տնտեսավարող սուբյեկտների մրցունակության բարձրացումը, ողջ տնտեսության մրցունակության ավելացումն ու արդիականացումը դեռ նոր ու հստակ քայլեր են պահանջում մեզնից»,-ասել է նա:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ նույնիսկ անընդհատ և նշանակալի մեծացնելով սոցիալական ուղղվածության ծրագրերի ծավալները, մեզ, միևնույն է, դեռևս չի հաջողվել չեզոքացնել բնակչության խոցելի խմբերի վրա բացասական զարգացումների ազդեցությունը: Մենք հստակ տեսնում ենք համաշխարհային անբարենպաստ զարգացումներով և կլիմայական խաթարումներով պայմանավորված գնաճի բեռը մեր ժողովրդի ուսերին, բայց, միևնույն ժամանակ, գիտենք նաև մեր որոշ գործարարների՝ փոփոխվող իրավիճակներում գների արհեստական բարձրացմամբ մի քանի դրամ ավել շահույթ կորզելու անընդունելի գործելաոճի մասին:
Եթե մենք ցուցաբերել և ցուցաբերելու ենք հնարավոր առավելագույն հանդուրժողականություն այլակարծության հանդեպ, ապա կոռուպցիայի, կաշառակերության և բյուջետային միջոցների մսխման հարցերում պետք է լինի զրո հանդուրժողականություն: Այս գործում մեծ անելիք ունեն շատ-շատերը, սակայն քաղաքական պատասխանատվությունը, իմ համոզմամբ, առաջին հերթին Հայաստանի հանրապետական կուսակցությանն է: Գողությունը, կաշառակերությունը հաստատապես պետք է պատժվեն, և կուսակցական պատկանելությունը կամ ցանկացած այլ տիպի կապեր որևէ նշանակություն չպետք է ունենան»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: