Մոսկվայի ոստիկանությունը շաբաթ օրը գրեթե 1200 հոգու բերման է ենթարկել` չհամաձայնեցված ակցիաները կանխելու նպատակով: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել է իրավապահ մարմիններից աղբյուրը:
9:00-ից 21:00 ընկած ժամանակահատվածում ներքին գործերի բաժանմունքներ 1192 հոգի է բերվել: Բերման ենթարկում էին Մանեժյան հրապարակում, Եվրոպայի հրապարակում, ՀՑՀ և «Օստանկինո» հեռուստակենտրոնի տարածքներում, ինչպես նաև մետրոպոլիտենում: Բերման ենթարկվածներից բռնագրավել են երկու ատրճանակ, 11 միավոր վնասարար զենք, երկու պնևմատիկ ատրճանակ, 21 դանակ և ծխի պայթագլան: Ավելի վաղ մայրաքաղաքի ՆԳՊԿ հաղորդել էին 500 հոգու բերման ենթարկելու մասին: Նրանց թվում, մասնավորապես, ծայրահեղական տրամադրված երիտասարդների մի մեծ խումբ է, որոնք փորձում էին երթ կազմակերպել «Օստանկինոյի» մոտակայքում: նրանցից շատերն ավագ դպրոցի աշակերտներ են:
Իրավապահ մարմիններից աղբյուրները հաղորդում են, որ ազգային հողի վրա զանգվածային անկարգությունների սպառնալիքի պատճառով անվտանգության խստացված միջոցները մայրաքաղաքում ձեռնարկվելու են մինչև կիրակի օրվա երեկոն: