20 դեկտեմբերի 2010 - 17:11 AMT
Հայաստանն ակնկալում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորի այցը Հայաստան եւ ԼՂՀ կնպաստի, որ նրա զեկույցը լինի անաչառ եւ օբյեկտիվ

Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային: ԱԺ նախագահը բարձր գնահատեց պատգամավորի այցելությունը Հայաստան եւ ԼՂՀ, նշելով, որ Հայաստանն ակնկալում է իրավիճակի ճշմարտացի ներկայացում Եվրախորհրդարանում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաև եվրոպական երկրների հետ երկկողմ շփումները: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը ողջունել է Արեւելյան գործընկերության ծրագիրը եւ դրա շրջանակներում ԵՄ անդամ պետությունների, ԵՄ-ի արևելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` «Եվրանեսթի» ձեւավորման գաղափարը: Նշելով, որ ինքն առաջինն էր ողջունել այդ գաղափարը, Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ այն կնպաստի Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացմանը եւ տարածաշրջանի երկրների միջև նոր համագործակցության հնարավորությունների ստեղծմանը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբան շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ Հայաստանի Հանրապետություն եւ ԼՂՀ է այցելել տեղում իրադրությանը ծանոթանալու, անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, հայկական կողմի մտահոգություններին եւ ակնկալիքներին տեղեկանալու համար: Նա բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը «Եվրանեսթին», որը հնարավորություն է` ներկայացնելու Հայաստանի տեսակետները:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այս տարվա հուլիսին Բրյուսել կատարած այցին, որի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել հայկական կողմի մոտեցումները: ԱԺ նախագահը խոսեց նաեւ դեկտեմբերի 1-2-ին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի մասին, որի եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները գնահատեց որպես հավասարկշռված եւ օբյեկտիվ:

Ինչպես հայտնում է խորհրդարանի մամլո ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ եվրոպական կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Եվրախորհրդարանի պատգամավորի այցը Հայաստան եւ ԼՂՀ կնպաստի, որ նրա կողմից պատրաստվող զեկույցը լինի անաչառ եւ օբյեկտիվ: