Նիկոսիայում Pınar Karşıyaka և Apoel բասկետբոլի թուրքական և կիպրոսական ակումբային թիմերի հանդիպումը տղամարդկանց առաջնության FIBA EuroChallenge Եվրոպայի գավաթի շրջանակներում ավարտվել է ծեծկռտուքով:
Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին Gibrahayer ամսագրի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը, հունական երկրպագուները խաղից հետո գազային ռումբերով, մահակներով և քարերով հարձակվել են թուրք բասկետբոլիստների վրա, և ծեծելով, տարել նրանց հանդերձարան: Հանդիպումն ավարտվել է կիպրոսցի բասկետբոլիստների հաղթանակով: Թուրքական թիմի մարզչի խոսքերով, մարզիկները կարողացել են մեկնել միայն ոստիկանության միջամտությունից հետո:
Միաժամանակ, որոշ թուրքական ԶԼՄ-ներ, մասնավորապես Zaman թերթը, գրել է, որ կիպրոսական թիմի երկրպագուները ծածանել են հայկական դրոշներ: «Թուրքական մամուլը, ինչպես միշտ, ստում է: Խաղի ժամանակ ոչ մի հայկական դրոշ չի եղել»,- ասել է Այնեջյանը և հավելել, որ կիպրոսցիները երբեք չեն հաշտվի կղզու թուրքական բռնազավթման հետ: