22 դեկտեմբերի 2010 - 16:57 AMT
Ռուսաստանում ստեղծվում է ծայրահեղ աջակողմյան «Դեկտեմբերի 11-ի շարժումը»

ՌԴ ՆԳԲ ծայրահեղականության հակազդեցության բաժանմունքի աշխատակիցները ստուգում են ինտերնետում տարածված ծայրահեղ աջակողմյան «Դեկտեմբերի 11-ի շարժում» ստեղծելու մասին տեղեկատվությունը: Համաձայն կազմակերպության տարածած մանիֆեստի, այն իբր ստեղծվել է Մանեժի հրապարակի ակցիայի մասնակիցների խմբի կողմից, որը կայացել էր այդ օրը կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ սպանված ֆուտբոլի երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դեկտեմբերի 11-ին մանիֆեստում հայտարարվել է «հակառուսական իշխանության լուծից և միլիոնավոր մակաբույծներից ռուս ժողովրդին ազատագրելու համար պայքարի օր», իսկ երեք հիմնական նպատակներից մեկը` «ստիպել Կովկասի և Միջին Ասիայի բոլոր ներկայացուցիչներին լքել քաղաքը»: ՆԳԲ ծայրահեղականության հակազդեցության բաժանմունքի աղբյուրի խոսքերով, ներկա պահին գերատեսչության կողմից անցկացվում են օպերտիվ-հետախուզական աշխատանքներ, որոնք նպատակ ունեն պարզել, թե ով է կանգնած այդ շարժման ստեղծման ետևում, և որքանով է այդ տեղեկատվությունը հավաստի և լուրջ:

Այդ «փաստաթղթի» համաձայն, շարժման կազմակերպիչները նախատեսում են ամեն ամսվա 11-ին ուղիղ ժամը 19-ին հավաքվել Մանեժի հրապարակում` երկու ժամվա ընթացքում «կարգախոսները վանկարկելու և ռուսական երգեր երգելու համար»: Ռուսաստանի այլ քաղաքներում նման հավաքները կազմակերպվելու են հաջորդ օրը: Բացի դրանից, առաջարկվում է «զավթել» այլ զանգվածային ցույցերը և պիկետները, ինչպիսիք էլ դրանք լինեն, այսինքն դրանց գնալ մեծ բազմությամբ և վանկարկել սեփական կարգախոսները: