2010թ. ցույց տվեց, որ Հայաստանի նախաձեռնող քաղաքականությունը սխալ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն»կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, երկիրը մինչ օրս զգում է դրա հետևանքները: Հակոբյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ասելով, որ ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանը ոչինչ չստացավ այդ գործընթացից:
Հակոբյանն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նպաստեց Թուրքիայի դերի ամրապնդմանը տարածաշրջանում, Թուրքիան ինչ-որ չափով կարողացավ խանգարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Հակոբյանն ասել է, որ ՀՀ իշխանությունները հաջողություն են համարում ստատուս-քվոյի պահպանումը, սակայն մինչ օրս նրանց չի հաջողվել բնակեցնել ազատագրված տարածքները: Նա ասել է, որ ստատուս-քվոյի պահպանումը ինչ-որ տեղ ինքնանպատակ է դարձել: Սակայն պատգամավորը դրական է համարել Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունները հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ ասելով, որ ՀՀ նախագահը սկսել է համարժեք պատասխանել Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին: