22 դեկտեմբերի 2010 - 17:55 AMT
Ռուբեն Հակոբյան. ՀԱԿ-ը խոչընդոտում է երկրում միասնական ընդդիմության ձևավորմանը

Հայ ազգային կոնգրեսը խոչընդոտում է երկրում միասնական ընդդիմության ձևավորմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, ընդդիմությունն այսօր խաղում է նույն կանոններով, ինչ իշխանությունները: Ըստ Հակոբյանի, իշխանություններն այսօր շարժվում են դեպի բռնատիրություն: «Կոալիցիան պետք է ենթարկվի ՀՀԿ-ին և ընդունի որ ՀՀ նախագահի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է»,-հավելել է նա, ասելով, որ ով չի համաձայնվում, տանուլ է տալիս: Նույնը, ըստ նրա, կատարվում է ընդդիմության շարքերում: «Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցիչների, ընդդիմությունից նախագահի պաշտոնի միակ թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է և բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվում այդ խաղի կանոններն, հայտնվում են ընդդիմությունից դուրս»,-ասել է Հակոբյանը:

Իր հերթին «Ժառանգության » խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ եթե այդպես շարունակվի, ապա հիմնական պայքարը ընտրություններում կընթանա ոչ թե ընդդիմության ու կոալիցիայի միջև, այլ նրանց ներսում: «2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են հերթական հիասթափությունը բերել, ինչպես դա եղավ 2007թ.»,-ասել է նա: