24 դեկտեմբերի 2010 - 09:29 AMT
Մասիս Մայիլյան. 2010թ. կարևոր թեմա էր հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը

2010թ. առաջին ամիսների հասարակական քննարկումների կարևոր թեմա էր հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը: Միջազգային հետաքրքրությունը այդ փաստաթղթերի վավերացման հանդեպ, անկախ Բաքվի ու Անկարայի ջանքերից, ստվերեց արցախյան կարգավորման գործընթացը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին Հայաստանի նախագահն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը խորհրդարանում: Ղարաբաղյան կարգավորումը կրկին հայտնվեց երեք երկրների հանրության ու քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:

,2010թ. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հանդիպումների ֆոնի վրա արդիականացավ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: Անցնող տարվա երկրորդ կիսամյակում Հայ դատի կառույցները որոշակի քայլեր ձեռնարկեցին ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Մասնավորապես, 2010թ. հոկտեմբերին կազմակերպվեց Եվրախորհրդարանի անդամների ճանաչողական այցը ԼՂՀ: Հայաստանի ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցությունը աշխատանք էր տանում ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ: Ցավոք, ՀՀ խորհրդարանական ուժերը չկարողացան համաձայնության գալ հայության համար այնպիսի ռազմավարական կարևորություն ունեցող հարցի շուրջ, ինչպիսին է ԼՂՀ ճանաչումը: Հայաստանի օրենսդրորեն ամրագրված դիրքրորոշումը ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ կեղծ հույսեր չէր թողնի Ադրբեջանի ու նրա հովանավորների մոտ»,-ասել է Մայիլյանը: