24 դեկտեմբերի 2010 - 09:30 AMT
Մասիս Մայիլյան. Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունը դրական դեր խաղաց

Չնայած, որ «Ժառանգություն» կուսակցությունը չհասավ նշանակված թիրախին, Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունն ինքնին բավական դրական դեր խաղաց: ՀՀ ԱԺ-ում սկսված գործընթացի շնորհիվ միջազգային հանրությունը շարունակում էր ազդանշաններ ստանալ Հայաստանից, այդ թվում` իշխանամետ կուսակցություններից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության միջազգային ճանաչմանն այլընտրանքի բացակայության մասին: Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցի քննարկումը պահպանեց ղարաբաղյան հիմնախնդրի արդիականության աստիճանը հայ հասարակության մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով` 2011-ին կարելի է ակնկալել ԼՂՀ ճանաչման գործընթացի ակտիվացման, որը պետք է տեղի ունենա Մինսկի գործընթացին զուգահեռ, որտեղ բացի կարգավիճակիվ կարելի է քննարկել այլ առանցքային խնդիրներ: Հայաստանն ու միջազգային հանրությունը պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու համար: Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը հակամարտական գոտիներում անվտանգության ամրապնդման և կայունության օժանդակման ժամանակակից մեխանիզմ է: Ոչ այնքան վաղուց այդ մեխանիզմն ապացուցեց իր արդյունավետությունը Կոսովոյում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում:

«2011 թվականին կարևոր խնդիրներ կլինեն հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ռազմական հավասարակշռության ապահովման ճանապարհով դեպքերի զարգացման ռազմական սցենարը թույլ չտալը, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ հակամարտող կողմերի փոխադարձ քայլերը: Եթե միջազգային միջնորդները հրաժարվեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հնացած մեթոդաբանությունից և համարձակվեն ժամանակակից միջազգային-իրավական իրողություններին արձագանքող նոր առաջարկներ կատարել, ապա կարելի է դրական առաջընթաց ակնկալել խաղաղ գործընթացում»,- ընդգծեց Մասիս Մայիլյանը: