Դեկտեմբերի 25-ին Շախմատի տանը տեղի ունեցավ Հենրիկ Գասպարյանի շախմատի դպրոցի 50-ամյակին նվիրված միջոցառում:
Դպրոցի տնօրեն Վադիմ Հայրապետյանը ներկայացրեց դպրոցի գործունեությունն ու շնորհակալություն հայտնեց սաներին, որոնք տարբեր միջզգային առաջնություններում բարձր տեղեր են զբաղեցրել: «Մենք շատ հպարտ ենք, որ այնպիսի գրոսմայստերներ, ինչպիսիք են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Նալբանդյանը, Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, մեզ մոտ են ուսանել: Դպրոցը 36 մասնաճյուղեր ունի Հայաստանի մարզերում»,- ասել է Հայրապետյանը:
Միջոցառման շրջանակներում կայացավ նաև դպրոցի 50-ամյակին նվիրված առաջնությանը մասնակցած շախմատիստների պարգևատրումը: Մրցաշարին մասնակցեցին 90 շախմատիստներ, որոնցից 20-ը գրոսմայստերներ են: Կանանց մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ տղամարդկանցից` Տիգրան Պետրոսյանը:
Հաղթողներին պարգևատրեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ և Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: