«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր է կնքել «BlueOrchard Finance SA» կազմակերպության հետ, որը միկրոֆինանսավորման ոլորտում ներդրումներ իրականացնող համաշխարհային կառույց է:
Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունտ, «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ը հետզհետե զարգացնում է իր գործունեությունը միկրոֆինանսավորման ոլորտում` ընդլայնելով իր համագործակցությունների շրջանակը: Սույն ոլորտում 2010թ-ի ընթացքում բանկը կնքել է միջազգային ռեսուրսների ներգրավման 8 նոր պայմանագիր` ընդհանուր 29 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Ռեսուրսները ուղղվելու են փոքր բիզնեսների ֆինանսավորմանը: Մեկ վարկի գումարը կկազմի մինչև 30 000 ԱՄՆ դոլար, ժամկետը` մինչև 3 տարի, տոկոսադրույքը` սկսած 14%-ից: «Մենք շատ ուրախ ենք ամրապնդել մեր ներդրումները ռեգիոնում` տրամադրելով վարկային միջոցներ Ինեկոբանկին, որն արդեն 10 տարուց ավել արդյունավետ գործնեություն է ծավալում Հայաստանում միկրոձեռնարկությունների ֆինանսավորման ոլորում»,- ասել է «Blue Orchard» կազմակերպության գործադիր տնօրեն Ժան Պիեր Կլամպը:
Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանն իր հերթին նշել է, որ միկրոֆինանսավորումը Ինեկոբանկի ռազմավարական ուղղություններից մեկն է: «Մենք շատ ուրախ ենք համագործակցություն սկսել »Blue Orchard» կազմակերպության հետ, որն այս ոլորտում ներդրումային կազմակերպություններ կառավարող առաջատար ընկերություն է: Ինեկոբանկը 2010թ.-ի ընթացքում իրականացրել է միկրոֆինանսավորման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր և վարկավորել է տնտեսության տարբեր ոլորտներում գործող ավելի քան 1,600 միկրո բիզնեսներ»,- նշել է նա: