Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է 2010 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին:
Բակո Սահակյանը նշել է, որ այդ հաջողությունները կարևոր են ինչպես մեր հանրապետությունում սպորտի և մշակույթի զարգացման, այնպես էլ քաղաքական տեսանկյունից՝ հանդիսանալով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, միջազգային ասպարեզում պատշաճ կերպով ներկայանալու և քաղաքակիրթ հանրության շրջանում արժանավայել տեղ զբաղեցնելու լավագույն միջոցներից մեկը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի մարզիկների և մշակույթի ներկայացուցիչների հաղթանակները բոլոր հայերի հաջողությունն է` Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում:
Նախագահը դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ է հանձնել բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին` նշելով, որ սպորտի և մշակույթի ոլորտները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը այս բնագավառների զարգացման ուղղությամբ:
Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել էր կարգադրություն սպորտի և մշակույթի բնագավառներում 2010 թվականին բացառիկ հաջողությունների հասնելու, միջազգային ասպարեզում Արցախի Հանրապետությունը արժանապատվորեն ներկայացնելու համար սպորտի և մշակույթի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների պարգևատրելու մասին: