28 դեկտեմբերի 2010 - 18:27 AMT
Հայաստանի բանկային համակարգը ապահովել է մոտ 30 մլրդ դրամ շահույթ

Հայաստանի ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակից բանկային համակարգը ապահովել է մոտ 30 մլրդ դրամ շահույթ, ինչպես նաև ակտիվների 17%, կապիտալի 14% և վարկերի 25% աճ, ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` ամփոփելով տարվա արդյունքները:

Նա նշել է նաև, որ երկրում աճել է ֆինանսական միջնորդության մակարդակը: «Բանկային համակարգի ակտիվները ներկայումս կազմում են ՀՆԱ-ի 46%-ը, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4.1 տոկոսային կետով, իսկ 2008 թ-ի համեմատ` 18 տոկոսային կետով»,- ասել է երկրի բանկիրը:

Արթուր Ջավադյանն ընդգծել է, որ միջնորդության աճին նպաստել է նաև օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների կողմից մոտ 80 մլրդ դրամ զուտ ներհոսքը: «Այն ի հավելումն բանկերի ներքին ռեսուրսների ուղղվել է վարկային շուկա` խթանելով մրցակցային միջավայրի ընդլայնմանը և տոկոսադրույքների նվազմանը: Պետք է արձանագրել, որ այսօր արդեն առանձին բանկեր թափանցիկ և զարգացման հեռանկար ունեցող բիզնեսներին առաջարկում են վարկեր նույնիսկ 9-ից 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով»,- ավելացրել է նա:

ՀՀ ԿԲ նախագահը հաղորդել է նաև, որ հաջորդ տարիներին տնտեսությունում ֆինանսական միջնորդության ընդլայնման և տոկոսադրույքների նվազման խնդիրների հարթեցման ճանապարհը լինելու է ավելի դյուրին, քանի որ ապահովագրական շուկայի խոշորացումը և մասնավոր կենսաթոշակային համակարգի կայացումը ենթադրում է «երկար փողերի» ձևավորում, ինչը հոսելով բանկային համակարգ, կնպաստի բիզնեսի երկարաժամկետ վարկավորմանը, տոկոսադրույքների նվազմանը և տնտեսությունում ֆինանսական միջնորդության ընդլայնմանը: