Վեց կովկասյան պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի ու Իրանի ռազմական դոկտրինները կթարգմանվեն ադրբեջաներեն և ռուսերեն, հնարավոր է, նաև անգլերեն, որպեսզի Ադրբեջանում հստակ պատկերացնեն հարևաններից բխող սպառնալիքները: Այդ մասին հայտարարել է պահեստային և պաշտոնաթող սպաների հասարակական միավորման նախագահ Յաշար Ջաֆարլին:
«Ադրբեջանը 2010 թվականին ընդունեց իր ռազմական դոկտրինը, որտեղ Հայաստանը նշվում է որպես պոտենցիալ հակառակորդ, դոկտրինը պաշտպանական բնույթ է կրում: Միավորման փորձագետները, ուսումնասիրելով Ռուսաստանի դոկտրինը, գտան, որ այն սպառնալից է հարևան պետությունների, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների համար, քանի որ դոկտրինով նախատեսվում է զինված ուժերի կիրառում ՌԴ քաղաքացիների դեմ՝ ահաբեկչության մեղադրանքով: Իրանում ռազմական դոկտրին չկա, այն փոխարինում են մի շարք օրենքներ և հրամանագրեր:
Վերջերս թուրքական ռազմական դոկտրինում փոփոխություններ կատարվեցին, և այժմ Իրանը չի նշվում այնտեղ որպես թշնամական պետություն»,-ասել է Ջաֆարլին:
Հետազոտությունների արդյունքները կքննարկվեն Բաքվում վեց երկրների ներկայացուցիչների, լիազոր դեսպանների ու լիազոր ներկայացուցիչների հետ: Նախագծի շրջանակներում հնարավոր է նաև փորձագետների այցելությունն այդ երկրներ նշված երկրների ռազմական փորձագետների հետ զրուցելու և այդ թեմայով միջազգային խորհրդաժողով անցկացնելու նպատակով: