Ֆրանսիան մտադիր չէ հանդուրժել քրիստոնյաների դեմ ուղղված կրոնական զտումները Մերձավոր Արևելքում: Այդ մասին հայտարարել է նախագահ Նիկոլյա Սարկոզին՝ Ամանորյա ուղերձով դիմելով Ֆրանսիայի կրոնական համայնքների ներկայացուցիչներին: Ըստ նրա, ինչպես Իրաքում, այնպես էլ Եգիպտոսում, Արևելքի քրիստոնյաները սեփական տանն են գտնվում:
«Ֆրանսիայում ղպտիների եկեղեցիների հասցեին հնչած սպառնալիքներն անընդունելի են: Կառավարությունը դրանք լուրջ է ընկալում և ուժեղացրել է անվտանգության միջոցները ուղղափառների Սուրբ Ծննդյան տոնակատարության համար»,-ասել է Սարկոզին՝ նշելով, որ մտադիր է պայքարել իսլամի մասին եվրոպացիների կեղծ պատկերացումների դեմ: Ըստ սոցհարցման արդյունքների, ֆրանսիացիների 68 տոկոսն ու գերմանացիների 75 տոկոսը գտնում են, որ մահմեդականները չեն ինտեգրվում իրենց հանրությանը:
«Ինձ մտահոգում են այդ հարցման արդյունքները: Մենք պետք է պայքարենք այդ ոչ ռացիոնալ դիրքորոշման դեմ մշակույթի ոլորտում կրթության միջոցով: «Իսլամը ոչ մի ընդհանուր բան չունի կրոնական ֆանատիկոսների կերպարի հետ, որոնք սպանում են ինչպես քրիստոնյաներին ու հրեաներին, այնպես էլ սունիներին ու շիաներին»,-հայտարարել է Սարկոզին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: