9 հունվարի 2011 - 16:06 AMT
Հայ ջազ կատարողները մեկնարկում են «Երաժշտություն հանուն կյանքի» ակցիան

Հունվարի 11-ին մեկնարկում է Երևանում աննախադեպ երաժշտական ակցիա` Բարեգործական համերգների շաբաթ` «Երաժշտություն հանուն կյանքի» կարգախոսով: Համերգների շարքն ուղղված է գրեթե բոլոր երևանյան ջազ կատարողների ընկեր, ծանր դրության մեջ հայտնված հայ ջազմեններից մեկին աջակցելու և օգնելու համար: Ակցիային համաձայնել են մասնակցել այսօր Հայաստանում գործող բոլոր ջազային կոլեկտիվները` Katuner, Time Report, Art Voices, Chico & Friends, Ani Arzumanyan & Arsen Nersissyan Band, Vahagn Hayrapetyan Quartet, Fiesta Caliente, Սուրեն Առուստամյանի բլյուզային խումբը, REINCARNATION ռեգգի բենդը, Bambir, Dorian, Acid Rain ռոք խմբերը և այլն: Բանակցությունների փուլում է նաև Armenian Navy Band-ի ելույթը:

Ակցիայի ընթացքում հավաքված յուրաքանչյուր դրամը կթեթևացնի դժվար կացության մեջ հայտնված երաժշտի դրությունը, և նրա ընկերները լի են վճռականությամբ` անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի օգնեն նրան: Ծրագրվում է «Երաժշտություն հանուն կյանքի» ակցիայի շրջանակներում կազմակերպել նաև այլ միջոցառումներ: Համերգները տեղի կունենան քաղաքի երկու հայտնի ակումբներում` «Ուլիխանյան» և «ՍՏՈՊ»: