11 հունվարի 2011 - 19:15 AMT
Երևանի քաղաքապետը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց շրջանի նորանշանակ ղեկավարին

Հունվարի 11-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Էդուարդ Մուշեղյանին։

Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Համլետ Մարգարյանին աշխատանքի համար` միաժամանակ նշելով, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է համակարգված, արդյունավետ, կարգապահ և սրտացավ աշխատանք։

Կարեն Կարապետյանը վարչական շրջանի համար որպես կարևոր անելիք մատնանշեց գույքագրումը, որը ներառում է բնակչության սոցիալական խնդիրների, բազմաբնակարան շենքերի, համատիրությունների, կրթամշակութային կենտրոնների, այգիների, պուրակների, փողոցների, բակային տարածքների առկա վիճակի գնահատում։

«Եթե մենք կարողանանք վարչական շրջանի անձնագիրն ու ախտորոշումը ճշգրիտ կազմել, կկարողանանք նաև արդյունավետ կառավարել։ Վարչական շրջանի գործառույթը բնակչության և այդ տարածքում գտնվող իրավաբանական անձանց համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն է»,- նշեց Կարեն Կարապետյանը` հավելելով, որ վարչական շրջանը պետք է բաց լինի և հստակ իմանա, թե բնակիչն ինչի կարիք ունի։

Քաղաքապետի խոսքով` վարչական շրջանը պետք է կարողանա նաև կանխատեսել, թե մոտ ապագայում ինչպիսի խնդիրներ կարող են ծագել։ «Ես վարչական շրջանների ղեկավարներից ամենամսյա հաշվետվություններ եմ պահանջելու, քաղաքային կառավարման համակարգի բարելավումը քաղաքապետարան, վարչական շրջան և համատիրություն մակարդակներում անհրաժեշտություն է»,- ասաց Կարեն Կարապետյանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: