13 հունվարի 2011 - 17:13 AMT
Նիկոլայ Բաբաջանյան. Ղարաբաղի ազատագրված տարածքները պետք է բնակեցվեն Ադրբեջանի հայ փախստականներով

«Յուրաքանչյուր տարի հունվարի 13-ին մենք բարձրացնում ենք Բաքվում հայկական կոտորածների հարցը և դրանով սահմանափակվում: Արդեն եկել է այլ ուղղությամբ աշխատելու ժամանակը` փորձել պարզել, թե ով է կանգնած եղել այդ հանցագործությունների ետևում, և ինչու են մեղավորները մինչև հիմա անպատիժ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Մեր տունը Հայաստանն է» ՀԿ-ի ղեկավար Նիկոլայ Բաբաջանյանը:

Նրա կարծիքով, Բաքվում հայկական ջարդերի կոտորածների մեղավորներին գտնելը շատ հեշտ է, քանի որ ադրբեջանական ԶԼՄ-ները բազմիցս գրել են այդ ջարդերի կազմակերպիչների մասին:

Բաբաջանյանը նշել է, որ այդ ողբերգական դեպքերից հետո հայ փախստականների համար անհնար է վերադառնալ Ադրբեջան: Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ Ղարաբաղին հարակից ազատագրված տարածքները պետք է բնակեցվեն հայ փախստականներով, ինչը որոշ առումով փոխհատուցում կդառնա նրանց համար: