14 հունվարի 2011 - 11:23 AMT
Ադրբեջանցի մտավորականները հավասարվել են ապատեղեկատվություն տարածող լրագրողների մակարդակին

Նախօրեին երկու ադրբեջանական լրատվական գործակալություններ` Day.az-ը և Vesti.az-ը հրապարակել են Ադրբեջանի անվանի արվեստագետների կարծիքները «Ընդհատված երգը» ֆիլմի վերաբերյալ: Լիովին աղավաղելով կինոնկարի սյուժեն, գործակալությունները հրահրել են մտավորականներին բացասական մեկնաբանություններ տալու: Դատելով պատասխաններից` ակնհայտ է, որ հարցերը եղել են ուղղորդված, նաև` ցավալի, որ ադրբեջանցի մտավորականները, հիմք ընդունելով սադրիչ լրագրողների ապատեղեկատվությունը, իջնում են անձնական վիրավորանքների մակարդակի:

Նկարահանող խումբը հարկադրված հերթական անգամ հիշեցնում է ադրբեջանական կողմին, որ «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայում հանգամանքների բերումով խորը հորում հայտնված հայն ու ադրբեջանցին բացառապես արծարծում են երկու ժողովուրդներին հուզող միևնույն հարցերը` սեփական տեսանկյունից: Այդ մասին հայտնել է ֆիլմի մամլո քարտուղար Տիգրան Գրիգորյանը:

Տպավորություն է ստեղծվում, որ հարցումներին մասնակցած միակ առողջ դատողության տեր մարդը Միլի Մեջլիսի նախկին պատգամավոր, Եվրասիայի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ակադեմիկոս Անար Մամեդխանովն է, ով, իր խոսքերով, չի ցանկացել հանդես գալ կոմունիստական կուսակցության գաղափարախոս Միխայիլ Սուսլովի դերում` ասելով. «Պաստերնակ չեմ կարդացել, բայց միևնույն է, քննադատում եմ»:

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» ֆիլմը ներկայումս նկարահանվում է Մոսկվայում` 21-ից 30 տարեկան մի խումբ հայերի միջոցներով: Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում` մայիսի վերջին, այնուհետև ֆիլմը կտեղափոխվի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններին: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը` Աշոտ Պողսյանը: Հայտնում ենք նաև, որ գալիք երեքշաբթի Մոսկվայում տեղի կունենա «Ընդհատված երգը» կինոնկարի պաշտոնական կայքի շնորհանդեսը: