14 հունվարի 2011 - 16:53 AMT
«Ատուրաուի» ադրբեջանցի մարզիչը հրաժարվում է աշխատել հայ ֆուտբոլիստի հետ

Ղազախական «Ատուրաու» երկրպագուները արձագանքել են ակումբի մարզիչ Ռամիզ Մամեդովի հարցազրույցին ադրբեջանական ԶԼՄ-ներին, որտեղ նա հայտարարել է, թե հայ ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը չի խաղա իր թիմում:

«Որքան գիտեմ, Տիգրան Ղարաբաղցյանն արդեն չի խաղում «Ատուրաու» թիմում: Սակայան, եթե խաղում է, ես կխոսեմ ակումբի ղեկավարության հետ: Եթե ես աշխատում եմ այդ թիմում, նշանակում է, հայեր այդտեղ չեն աշխատելու»,-մեջբերում է Մամեդովի խոսքերը sports.kz-ն:

Թիմի երկրպագուները արձագանքել են ակումբի մարզիչ Ռամիզ Մամեդովի հարցազրույցին: «Մենք, հանդիսանալով «Ատուրաու» թիմի երկրպագուները, իրազեկում ենք Մամեդովին, որ Ղազախստանը բազմազգ երկիր է, որտեղ բնակվում են շուրջ 100 ազգությունների ներկայացուցիչներ, որոնք հաշտ ու խաղաղ ապրում են կողք կողքի: Ղարաբաղյան հակամարտությունը մեզ չի վերաբերվում, ուստի թողեք ձեր հակամարտությունները Ադրբեջանում: Այժմ դուք Ղազախստանում եք: Այստեղ տեղ չկա ազգայնամոլության համար»,-ասվում է երկրպագուների հայտարարության մեջ:

Տիգրան Ղարաբաղցյանը «Ատուրաուի» կազմում հանդես էր գալիս վարձակալությամբ, սակայն այժմ կրկին խաղում է հարազատ «Կիլիկիայում»: