14 հունվարի 2011 - 18:51 AMT
ՀՀ ԱԳՆ. 2010 թ. ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը շարունակել է մնալ արցախյան հիմնախնդրի կարգավորումը

2010 թ. ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը շարունակել է մնալ արցախյան հիմնախնդրի արդարացի եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, ասվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ: Փաստաթղթում ասվում է նաև, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ շարունակվել են ինտենսիվ բանակցությունները, տեղի է ունեցել երեք հանդիպում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ` հունվարի 25-ին Սոչիում, հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում եւ հոկտեմբերի 27-ին Աստրախանում:

Նախագահների հանդիպումների միջեւ ընկած ժամանակահատվածում բանակցությունները վարվել են արտգործնախարարների մակարդակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հատկապես` ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ: 2010 թ. նորից վերահաստատվեցին մջազգային հանրության այն մոտեցումները, որ 2008 թ. արդեն ակնհայտ էին եւ ներառված էին 2008 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ-ի 56 նախարարների հայտարարության մեջ Հելսինկիում, ապա 2009 թ. դեկտեմբերին Աթենքում եւ 2010 թ. հուլիսին Ալմաթիում` ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում եռանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների արված հայտարարության մեջ:

Կարգավորման հիմքը կազմող միջազգային իրավունքի սկզբունքներն ու հանգուցալուծման որոշ տարրեր արտացոլված էին 2010 թ. Մուսկոկայում` նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Բարաք Օբամայի եւ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունում: Ըստ փաստաթղթի, կարեւոր հանգրվաններ հանդիսացան Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Աստրախանում հոկտեմբերի 27-ին ընդունված հռչակագիրը, Աստանայում դեկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հնգակողմ հայտարարությունը:

Անցած տարին աննախադեպ էր Ադրբեջանի կողմից ապակառուցողական քայլերի դրսեւորումներով` շփման գծում սադրանքների կազմակերպում, հրադադարի հաճախակի խախտումներով իրավիճակի ապակայունացման ու ԼՂ հիմնահարցն այլ հարթակներ տեղափոխելու փորձերով:

Հայկական կողմը կարողացել է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ իր դիրքորոշման համար ապահովել լայն միջազգային ըմբռնում եւ աջակցություն: Այսօր բոլոր միջազգային կառույցները, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, միջազգային միջնորդներն ունեն այն մոտեցումները, այն դիրքորոշումները, որոնք համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը, ասվում է նախարարության հաշվետվության մեջ: