14 հունվարի 2011 - 19:36 AMT
2010 թ. ակտիվ էր հայ-չինական և հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման առումով

2010 թ. ակտիվ էր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Չինաստան այցելեց ՀՀ nախագահ Ս. Սարգսյանը, որը հանդիպեց ՉԺՀ nախագահ Հու Ձինթաոյի հետ, մասնակցեց Չինաստանի Շանսի նահանգում “Շանսի-Նաիրիտ” հայ-չինական համատեղ ձեռնարկության գործարկման արարողությանը, ինչպես նաեւ “Շանհայ Էքսպո-2010” միջազգային ցուցահանդեսի բացմանը, ասվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ:

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը սեպտեմբերին այց կատարեց Չինաստան, որի ընթացքում հանդիպեց ՉԺՀ պետխորհրդի նախագահի առաջին տեղակալ Լի Կեցյանի հետ, մասնկացեց “Շանհայ Էքսպո-2010”-ում Հայաստանի Ազգային օրվա միջոցառումներին: 2010 թ. ապրիլին իրականացվել է ՉԺՀ խորհրդարանի Չինաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Լի Մինգյուի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

2010 թ. նոյեմբերին պաշտոնական այցով Հնդկաստան այցելեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ եւ Ճապոնիայի ԱԳ միջեւ առաջին անգամ Երեւանում անցկացվեցին հայ-ճապոնական քաղաքական խորհրդակցություններ:

Հայ-ճապոնական համագործակցությունը շարունակել է զարգանալ նաեւ Հայաստանին Ճապոնիայի կողմից հատկացվող պաշտոնական օգնության (ODA) ծրագրերի շրջանակներում: Սեպտեմբերի 4-29-ը Հայաստան էր ժամանել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության /JICA/ աշխատանքային թիմը` Հայաստանի Հանրապետության սեյսմիկ ռիսկի գնահատման եւ կառավարման պլանավորման ծրագրի վերաբերյալ փորձագիտական աշխատանքները շարունակելու նպատակով: Տեխնիկական համագործակցության շրջանակներում /JICA/ Ճապոնիա է գործուղվել ավելի քան 30 հայ մասնագետ` ՀՀ տարբեր գերատեսչություններից:

2010 թ. Ճապոնիայում հիմնադրվեց Հայաստանի դեսպանությունը: Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության եւ Ֆիջիի կղզիների Հանրապետության միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, ասվում է փաստաթղթում: