17 հունվարի 2011 - 12:03 AMT
Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ:

Հունվարի 14-ին ժամը 12.25-ի սահմանում շփման գծի հարավարևելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող 1992թ. ծնված Վարդան Անդրանիկի Հարությունյանը:

Ժամը 12.50-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:

Դրանից մեկ օր անց` հունվարի 15-ին ժամը 17.20-ի սահմանում նմանատիպ մեկ այլ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ: Հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում ձախ բազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող 1992թ. ծնված Խաչատուր Մուրադի Ասլանյանը:

Ժամը 18.00-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:

Վերոնշյալ միջադեպերի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են, հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: