PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցել է Վիկ Դարչինյանի հետ, որն այս օրերին գտնվում է Հայաստանում:
Դարչինյանը խոստովանել է, որ վաղուց չէր եղել հայրենիքում և կարոտել էր. «Չնայած սառնամանիքին, որը ես չէի զգացել գրեթե 10 ձմեռ, Հայաստանում, ինչպես միշտ, ինձ հրաշալի եմ զգում: Ավստրալիա կմեկնեմ փետրվարի սկզբին և կսկսեմ մարզումները»:
Բռնցքամարտիկը նշել է, որ Աբներ Մարեսի հետ մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթանակը տրվեց մեքսիկացուն, և իր թիմը բողոքարկել է մրցավարների որոշումն ու սպասում է նոր վճռին: «Իրականում ես վստահ էի, որ կհաղթեմ, ես փորձում էի ավելի տեխնիկական մենամարտ ցուցադրել, և մրցավարներն անարդար կերպով հաղթանակը Մարեսին տվեցին»,- ասել է Դարչինյանը:
Բռնցքամարտիկը չի հուսահատվում և Ավստրալիա ժամանելուց հետո կսկսի մարզվել և պատրաստվել թեթևագույն քաշային կարգի առաջնության շրջանակներում երկրորդ մենամարտին Յոննի Պերեսի (Կոլումբիա) հետ: